Պեղի՛ր այս բլոգում

Friday, October 8, 2010

Պեղումներ` քաղաքական խաղերի նոր զոհը



Հիշում եմ մի քանի տարի առաջ ինչպես ընկերներիս չլսելով որոշեցի ճոխ գյուղական սեղանը թողնել ու արագ այցելել Ուշիի Սբ Սարգիս վանքի թարմ պեղված ավերակները: Արևը մի ժամից արդեն իսկ անհետանալու էր: Ես վազում էի ինչ որ անհասկանալի արահետներով ու բլուրներով տեղացիներից հարցնելով թե արդյոք ճիշտ կողմն եմ վազում թե չէ? Իմ վազքից երևի թե ոգեվորված կամ գռգված երկու հատ հսկա գամփռ շուն հանկարծակի հայտնվեցին առջևս: Որոշեցի կանգնել, քանզի շները պատրաստվում էին հարձակվելու... տեղիցս չշարժվեցի մինչև բջջային հեռախոսազանգից հետո ինձ եկան մեքենայով տարան: Սակայն անպատճառ ուզում էի տեսնել վանքը քանզի այն մի քանի լուսանկարները որոնք տեսել էի վրաս մեծ տպավորություն էին գործել: Ուշի այցելեցի հաջորդ տարի, այս անգամ մեքենայով: Ավերակները համարյա անտեսանելի էին գյուղի կողմից: Բնականաբար ոչ ճանապարհ կար, ոչ ցուցանակ, ոչ էլ պահակ: Կային միայն երկնքի տակ սփռված անհամար բեկորներ որոնք պեղվել էին հողի մեջ թաղված փլատակներից 2000ին:


Վանքը շատ հին պատմություն ունի` հավանաբար առաջին կառույցը հիմնադրվել է 4-5րդ դարերում: Ընդհանրապես Ուշիյի շրջակայքը շատ հարուստ է հնագիտական շերտերով: Վանքի անմիջապես կողքը նախնադարյան կամ հելլենիստական շրջանի դամբարանադաշտ կա որն ակներև էր նույնիսկ մերկ աչքով: Դիտելով և մանրամասն լուսանկարելով ավերակները, մնում էր միայն նստել ու զմայլվել 13րդ դարում կառուցված եկեղեցու և գավիթի հոյակերտ զարդաքանդակներով, քարերի դեկորատիվ շարվածքի հիասքանչ լուծումներով և ընդհանրապես ամբողջ վանական համալիրի ճարտարապետական հավաքվածությամբ և ընդարձակությամբ: Այստեղ ոչ միայն աղոթել են այն ապրել, կրթել և ստեղծագործել: Դա վկայում էին բավականին լավ պահպանված աշխարհիկ բնույթի շենքերի մնացորդները: Քարի բեկորները, որոնք ուղղակի մի ամբողջ անտառ էին կազմում, կարծես թե սպասում էին իրենց նախկին տեղը գտնելուն: Ես ակամա սկսեցի երևակայել թե ինչ տպավորիչ և ապշեցնող տեսք կունենար վանական համալիրը իր կանգուն վիճակում: Այդպիսի ամբողջական վանական համալիրներ Հայաստանում քիչ են պահպանվել, մտքիս գալիս են Խոր Վիրապը, Գանձասարը, Գնդեվանքը, Դադիվանքը... չնայած ես ճարտարապետ չեմ, բայց դատելով բեկորների առկայությունից, լրիվ հնարավոր եր թվում գոնե մասնակի, բայց հիմնավոր վերակառուցումը գլխավոր եկեղեցու, գավթի և մի քանի աշխարհիկ շինությունների: Նման վերակառուցումը կարևոր էր ոչ այնքան վանքի նախնական տեսքը վերստեղծելու համար, այլ դրա պահպանված մասերը կոնսերվացնելու նպատակով: Չէ որ այսօրվա անտարբեր միջավայրում քարերի անհետացումը պեղումների վայրից շատ հավանական վտանգ էր ներկայացնում: Սակայն պեղումներից տարիներ անց ոչ մի աշխատանք չի արվել այդ ուղղությամբ, եվ այս կարևորագույն ճարտարապետական համալիրը մնացել է բախտի և ժամանակի քմահաճույքներից կախվաց... 

Նման պարագայում, երբ պետական կազմակերպությունները ի վիճակի չեն մտածելու պեղվող հուշարձանների հետագա կյանքի մասին, արդյոք ինչպե՞ս կարելի բնութագրել Հայաստանում տիրող տարօրինակ իրավիճակը: Նկատի ունեմ հնագիտական պեղումների այն հորձանուտը որը մեզ մոտ սկսվել է արդեն մոտ տաս տարի: Մայիսից սկսած լրատվական միջոցներով ստանում ենք շնչասպառ տեղեկություններ նոր ու մեկը մյուսից ավելի սենսացիոն պեղումների մասին: 'Պեղվում է Տիգրանակերտը', 'պեղվում է Էրեբունին, Շենգավիթը, Ներքին Նավերը, Դվինը, Արտաշատը, Լոռի բերդը, Դաշտադեմը' և էլ չգիտեմ որ երորդ հսկայական դամբարանադաշտը: Մենք ցնծում ենք, ժողովուրդը իրար շնորհավորում է, հպարտությամբ ուռչում ենք, չէ որ մեր, հայերիս մոտ գտնվել է 'աշխարհի ամենահին կոշիկը, ձիաբուծարանը' ու եսիմ էլի ինչը...: 

Այժմ տեսնենք ինչ է կատարվում վարագույրի ետևում: Հնագիտական գտածոների ահռելի քանակությամբ այդ 'բեռը' անմիջապես պետք է կոնսերվացվի քանզի հողից հանելուց պես այն դառնում է համարյա թե ոչնչացման ենթակա: Խոսքը գնում է ոչ միայն 14րդ դարի հազվագյուտ ասեղնագործ կտորեղենի և գորգերի բեկորների մասին որոնք օրինակ գտնվել էին Դաշտադեմի ամրոցում, կամ հինգ հազար տարվա վաղեմություն ունեցող օրգանական մնացորդների մասին Արենիի քարանձավից: Ես նայև նկատի ունեմ կավից շարված պատերի հիմքերը, քանդակազարդ քարի բեկորները և կառույցների այս ճարտարապետական մնացորդներ որոնք տեղահանվելուց հետո կարող են հեշտությամբ կորեն կա ոչնչացվեն: Էլ չեմ խոսում Արտաշատում վերջերս հայտնաբերված խճանկարների և որմնանկարների մասին, որոնք այսօր կարծես թե մնացել են բաց օդի տակ որպեսզի քայքայվեն...

Իսկ մեր հնագիտական գտածոներ սիրող երկրում այսօր գործում է ինչքան գիտեմ ՄԵԿ հատ (Պատմության թանգարանին կից) լաբորատորիա որին հանձնարարված է այս նոր պեղումներից դուրս հանված իրերի կոնսերվացումն ու պահպանումը: Աշխատում են ընդամենը մի քանի հոգի, սովետական տարիներից մնացած հին տեխնալոգիայով, բավականին փոքր տարածքում: Նոր կադրեր չկան: Եթե հաշվի առնենք նաև այն փաստը որ նախկինում գտնված պեղածոները անընդհատ ուշադրության կարիք նույնպես ունեն և որ ամեն մի տարբեր օրգանական նյութը պահանջում է իր մասնագետի` առանձին փայտի մասնագետ, առանձին մետաղի մասնագետ, առանձին մանվածքների մասնագետ և այլն... ապա միանգամից պարզ կդառնա թե իրականում ինչ իրավիճակ է տիրում: Մենք ուղղակի չունենք ոչ միջոցներ և ոչ էլ ինչ որ կազմակերպված պրոֆեսիոնալ համակարգ որը կկարողանար տնօրինել պեղված նյութերի պահպանումն ու հետագա ուսումնասիրությունը:

Տվյալ լաբորոտորիայի աշխատակիցներից մեկի հետ զրուցելուց հետո, ինչ ասեմ... մազերս բիզ բիզ կանգնեցին: Այդ կինը, որը միմիայն մետաղի պահպանման մասնագետ է, այսօր ստիպված է զբաղվել նաև տարատեսակ բնույթի գտածոների հետ որոնց նա նույնիսկ չի կարող դիպչել քանզի լաբորոտորիան չունի անհրաժեշտ սարքավրումներն ու քիմիկատները: "Դնում եմ տուփի մեջ, գրանցում ու մոռանում... ամեն օր նոր բան են բերում առանց հասկանալու որ ոչ մի կերպ չենք կարող դրանք պահպանել":

Նույն տխուր համայնապատկերն է տիրում ճարտարապետական հուշարձաններում: Լսել եմ որ վերջերս որոշել են պեղել Լոռի Բերդը, որպեսզի այն դարձնեն խոշոր "տուրիստական կենտրոն": Շատ լավ միտք է Հայաստանում միակ, քիչ թե շատ պահպանված բերդաքաղաքը (չշփոթել բերդերի հետ, սա իրոք բերդ-քաղաք է) տուրիստական վայր դարձնել (ավելի շուտ պետք է արվեր քանի դեռ այդքան քայքայված չէր): Բայց նախքան պեղումները սկսելը, որոնց ընթացքում անշուշտ կբացվեն բազմաթիվ կառույցների հիմքեր և պատեր, արդյո՞ք մտածել են ինչ գումարներով են դրանք կոնսերվացնելու և տեղ տեղ վերականգնելու: Դվինի օրինակը, իր պեղումներից հետո քանդվող մնացորդներով, արդեն իսկ համարյա թե ոչնչացված մնացորդներով կարծես թե ոչ մեկի ոչ մի բան չի հուշում: Իհարկ է նույն իրավիճակն է տիրում նաև Էրեբունիում, որը մենք մինչ այսօր էլ չենք կարողացել պատճաշ ձևով պահպանել և ներկայացնել, սակայն այնտեղ պեղումները շարունակել անպայման ուզում ենք...

Հարց է ծագում իսկ ինչու՞: Ինչու ենք ուզում պեղել երբ որ այն հիրավի անծայրածիր նյութը որն այսօր իսկ պարփակված է տարատեսակակ թանգարանների պահոցներում դեռ ուսումնասիրությունների, ռեստավրացիայի լուրջ կարիք ունի: Ինչու՞ ենք ուզում նոր պատմական քաղաքներ, վանքեր, բերդեր պեղել երբ նրանք որոնք արդեն իսկ բացված են, պահպանման անհպաղ կարիք ունեն: Կամ ինչու ենք ուզում պեղել այս քանակով, միանգամից, առանց ժամանակ կորցնելու: Արցախում անցկացվող պեղումները դեռ հասկանալի են, դրանք կարևորագույն դեր են կատարում այսօրվա քաղաքական իրավիճակի մեջ և բացի դրանից, պեղվում են ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ նպատակով ու գտնվում են պետական հովհանավորության տակ: Դրա արդյունքը այսօր իսկ տեսնում ենք Տիգրանակերտում, որը դարձել է հայերի կողմից ամենահաճախվող հնագիտական վայրը: Իսկ նման վայր ավելի մեծ հաջողությամբ կարող էին դառնալ թե Դվինը, թե Արտաշատը, թե Լոռի Բերդը...

Կարծում եմ որ պեղումների այս շարանը հիմնականում պայմանավորված է ներկա իշխանությունների և մշակույթի նախարարության կիսաեփ էկանոմիկական, քաղաքական տրամաբանությամբ: Եթե մեզ մոտ հայտնաբերվում են "ամենահին էս ու էնը" ուրեմն դա շատ լավ է տուրիզմի համար: Նամանավանդ եթե արտասահմանից գալիս են ու իրենց միջոցներով պեղումներ են անցկացնում: Բայց արտասահմանյան հնագիտական խմբերը չեն կարող հոգալ բացված հուշարձանների հետագա պահպանման համար: Հաճախ նրանց միայն հետաքրքրում է գտնված նյութը, ինֆորմացիան, իսկ այն ինչ որ մնում է տեղում... դե տա տեղացիների խնդիրն է: Դրա համար, այսօր իսկ պետք է առաջ բերել այն անքակտելի փաստը որ հնագիտական պեղումները Հայաստանում ավելի շատ բացասական երևույթ են քանց թե դրական: Ով գիտի այսօր Ուշիյից քանի՞ հատ զարդաքանդակ բեկոր է անհետացել: Իսկ ի՞նչ է մնացել Արտաշատի նորահայտ բաղնիքի խճանկարից:

Նախանցած տարի այցելեցի Մեծամոր: Այդ մի ժամանակ ողջ գիտական աշխարհով մեկ աղմուկ հանած հնագիտական վայրը այսօր ուղղակի ցեխակույտի էր վերածվել, այնինչ արխիվային լուսանկարներում հստակ երևում էին պեղված բնակավայրի հատակագիծը, շենքերի մնացորդները: Իհարկ է հնագիտական մասնագիտության իրոնիաներից մեկը նրանում է որ այն երկակի ֆունկցիա ունի` պեղելով, հնագետը հայտնաբերում է, բայց միաժամանակ նաև ոչնչացնում: Դա հարատև դիալլեմա է մնալու հնագետի համար: Սակայն ոչ ամեն դեպքում և ոչ ամեն վայրում: Միանշանակ պետք էր պեղել Ուշին այն վերականգնելու համար: Ինչպես նաև Դվինի միջնաբերդի գոնե այն մասը որտեղ շատ լավ պահպանվել էին տարբեր շինությունների` մինչև երկու մետր բարձրություն ունեցող պատերը, ահռելի շուկայի, պալատական շենքերի հիմքերն ու բեկորները: Այդպես, շատ բարեհաջող կոնսերվացվել են հռոմեական շրջանի քաղաքների և նույնիսկ գյուղերի հնագիտական մնացորդները Անգլիայում: Դրանք այսօր էլ վկայում են անգլիական հասարակ ավանատիպ քաղաքների և գյուղերի հարուստ պատմության մասին: Ինչը չի կարելի ասել նմանատիպ հայկական քաղաքների մասին, որոնք բոլորը կարծես թե հիմնադրվել են 1950ականներից հետո ու շուտով նույնիսկ այդ խղճուկ պատմությունն էլ չի երևալու:

Բայց այդ ամենը կարևոր չի եթե մեզ մոտ տուրիստները գան որպեսզի թանգարանում տեսնեն ամենահին կոշիկը ու մի քանի հնագետ միջազգային ամբիոններում հռչակեն հայերի առաջադեմ մշակույթի մասին: Մենակ լուրջ կասկածում եմ այդ կոշիկի մոգական ուժերի մասին... թերևս այդքան էլ գրավիչ չլինի տուրիստների համար...

ՀԳ: Լսել եմ որ մյուս տարի պլանավորում են Երվանդաշատի պեղումները... մեկ էլ տեսար մի հատ նոր հեթանոսական տաճար գտանք, կապ չունի որ այն պահպանելու համար ոչ մի միջոց չունենք նախատեսված, ինչպես երևաց Արտաշատի վերջին պեղումներից: Լսել եմ նաև որ ռեստավրացիայի դպրոց պիտի բացեն Հայաստանում` կհավատամ երբ որ աչքովս տեսնեմ:

No comments:

Post a Comment