Պեղի՛ր այս բլոգում

Thursday, October 10, 2013

Ա.Բոբոխյան և ուրիշներ - Վիշապաքարեր...

Ընթերցեք Արսեն Բոբոխյանի շատ հետաքրքիր և ուսանելի հոդվածը

Վիշապաքարեր. Հայաստանի բարձրադիր հուշարձանները և նրանց պահպանության խնդիրը
Սահմանումներ
Վիշապաքարերը ներկայիս Հայաստանի և հարակից շրջանների (Ջավախք/Թռեղք, Նախիջևան, Էրզրում/Կարս) բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված և կենդանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են: Ակնհայտ է, որ վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը թերևս առնչվում է տեղական ավանդույթներին, որոնցում վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ. անունը կարող էր նաև առաջանալ պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում: Այն բրոնզեդարյան երևույթ է (ամենայն հավանականությամբ գոյության հիմնական դարաշրջանը միջին բրոնզի դարն է` Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսը): Այս հուշարձանների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում:
Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են տեղական նյութից (հիմնականում բազալտ) և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի` 1. ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով), 2. ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով` կրելով ձկան անատոմիական մանրամասներ), 3. ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները) (Նկ. 1):
Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` հորիզոնական դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վիշապաքարերը նախապես եղել են կանգնած վիճակում:

«Վիշապաքար» ծրագիրը
Վիշապաքարերը հայտնաբերվեցին 19-20-րդ դդ. սահմանին և հետազոտվեցին տարբեր հեղինակների կողմից (Ատրպետ, Ն. Մառ, Յ. Սմիռնով, Ա. Քալանթար, Բ. Պիոտրովսկի, Գ. Ղափանցյան), որոնք ենթադրում էին, թե վերջիններս ջրաբաշխական համակարգերի հանգուցակետերին գտնվող հուշարձաններ են [1]: Հիմնական շեշտը վաղ շրջանի հեղինակների կողմից դրվում էր վիշապաքարերի խորհրդապաշտական բնույթի մեկնաբանության վրա` առանց էապես կարևորելու հնագիտական համատեքստը:
Սույն հոդվածի հեղինակները, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև Բեռլինի Բաց համալսարանի հովանու ներքո, սկսեցին գիտական համագործակցություն, որի հիմնական նպատակն է հետազոտել վիշապաքար երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով: 2012թ. ամռանը տեղի ունեցավ առաջին ճանաչողական հետախուզությունը, որի խնդիրն էր` 1. ստուգել նախկին հետազոտողների տվյալները վիշապաքարերի տեղադրության վերաբերյալ, 2. ճշտել տեղահանված վիշապաքարերի նախնական դիրքը, 3. փորձել նոր վիշապաքարային միջավայրեր հայտնաբերելու հնարավորությունը [2]:
Այս աշխատանքի արդյունքում մեր արշավախումբը տեղեկություններ հավաքեց 90 վիշապաքարերի մասին, որոնցից 53-ը հաջողվեց տեղայնացնել և փաստագրել: Ընդ որում, դրանցից 16-ը նախկինում անհայտ էին: Հիշյալ  վիշապաքարերից 34-ն իրենց տեղում էին (in situ), այլապես մեզ հաջողվեց ճշտել նրանցից որոշների սկզբնական տեղադրությունը: 13 վիշապաքար տեղադրվեց իր անմիջական միջավայրում (in loco)` այսինքն նախնական տեղադրությունից մի քանի մետր հեռու, կամ աշխարհագրական այն կոնկրետ միջավայրում, որում նրանք նախապես կանգնած են եղել: Հավաքած տվյալները հնարավորություն են տալիս ավելի մոտենալ վիշապաքարերի գործառույթին, տարածման առանձնահատկություններին և թվագրությանն առնչվող խնդիրների լուծմանը:
Հետախուզության ընթացքում պարզվեց, որ վիշապաքարերը գրեթե միշտ առնչվում են միջին չափսի կրոմլեխ-դամբանաբլուրների և նրանց անմիջական միջավայրի հետ, որը կարող է բաղկացած լինել` այլ դամբարաններից, ժայռապատկերներից, «օղուզի/հսկայի տուն/քյալաֆա» (աշտարակաձև կառույց/դամբարան) հիշեցնոց շինություններից, արհեստական քարակույտերից: Վիշապաքարերի մեծ մասը ընկած են իրենց տեղում` դամբարանի կամ դամբարանանման քարաշար պատվանդանի կենտրոնում: Ինչպես ցույց է տալիս իրենց նախնական տեղում գտնվող վիշապաքարերի տեղայնացման առանձնահատկությունների ուսումնասիրությունը, վերջիններս գտնվել են հիմնականում ոչ թե դամբարանի կամ պատվանդանի կենտրոնում, այլ նրա անմիջական սահմանին` կրոմլեխի եզրագծին, որոշ դեպքերում, չի բացառվում, նաև` մասամբ կրոմլեխից դուրս: Հողաթմբով դամբարանի այն ձևը, որ տեսանելի է վիշապաքարերի միջավայրում, հայտնի է բրոնզի և երկաթի դարերի Հայկական լեռնաշխարհում: Վերջիններիս տարածումը ծովի մակերևույթից  2000-3000 մ բարձրության վրա տիպական պիտի լիներ թերևս այն ժամանակահատվածների համար, երբ բարձր լեռնային շրջանները ձեռք են բերել որոշակի իմաստային և կիրառական բովանդակություն: Վերոհիշյալ տվյալներից ելնելով` կարելի է ենթադրել, որ վիշապաքարը գլխավորապես թաղման ծեսին առնչվող հուշարձան է:
Վիշապաքարերի մեծ մասը հանդես է գալիս խմբերով` հստակորեն սահմանված գոգավոր մարգագետինների միջավայրում, ինչը էապես քչացնում է նրանց տեսանելիության աստիճանը: Ի տարբերություն այս` խմբված և հստակ սահմանված դամբարանադաշտերում տեղադրված վիշապաքարերի, արշավախումբը փաստագրեց փոքր քանակության (թվով 12) վիշապաքարեր նաև մեկուսացված դամբարանների համատեքստում: Այս «մենակյաց» դամբարանները կարող են տեղադրված լինել համեմատաբար գոգավոր մարգագետիններում, ինչպես նաև ավելի տեսանելի վայրերում:
Վիշապաքարով դամբարանները մարմնավորում են բարձր լեռնային մակարդակի վրա գտնվող յուրահատուկ մշակութայնացված տարածքներ: Ենթադրելով, որ վիշապաքարերն իրենց մեջ կրում են որոշակի իմաստային ծանրաբեռնվածություն և պահպանում հնագույն մի հասարակության մշտական հիշողությունը, կարծում ենք, որ հանձինս վիշապաքարով դամբարանների պետք է տեսնել նախկինում անհայտ հուշարձանների յուրահատուկ մի տեսակ` բարձրաբերձ լեռներում առանձնացած ծիսական արարողությունների սրբազան մի միջավայր:
Վիշապաքարային բարձրադիր ծիսական միջավայրի ամենակարևոր հուշարձանը Կարմիր Սարն է (Նկ. 2/1): Կարմիր Սարը կարմիր պեմզաքարի կոնաձև կուտակում է Արագածի լեռնազանգվածի հարավային լանջին, որի գագաթը հանդիսանում է սինկրետիկ սրբավայր (Զիարեթ)` տարածքը օգտագործող տարազգի/տարակրոն խմբերի համար: Ծիսական միջավայրը, դամբարանադաշտով հանդերձ, գտնվում է բուն Կարմիր Սարից դեպի արևմուտք, ծովի մակարդակից միջինում մոտ 2850 մ բարձրության վրա, ընդարձակ գոգահովտի ներքո, որի վիշապաքարերով բնորոշվող մակերեսը մոտ 40 հա է: Նրանց համար ովքեր բարձրանում են Արագածի բարձունքները, մինչև վերջին պահը մարգագետինը մնում է թաքնված կեղծ գագաթի ետևում: Հասնելով այնտեղ` բացվում է յուրահատուկ մի տեսարան Արագածի չորս գագաթների պատկերով հյուսիսարևելքում և ամպերից վեր խոյացող Արարատի պատկերով հարավարևմուտքում: Ստեղծվում է տպավորություն, թե այս մարգագետինը իր սեփական տիեզերքի կենտրոնն է: Կարմիր Սարի մարգագետնով անցնում են երկու գրեթե մեանդրաձև ընթացող գետակներ, որոնք մասնակիորեն ընդլայնված են մարգագետինը այցելող անասնապահների խմբերի կողմից և տեղ-տեղ վերածված ավազանների: Մարգագետնի կենտրոնական հատվածում մենք փաստագրեցինք ութ վիշապաքար իրենց տեղում կամ սկզբնական դիրքից ոչ հեռու, ինչպես նաև մեկ վիշապաքարի վերնամաս` համատեքստից դուրս: Նույնականացվեցին ևս երկու հողի մեջ թաղված երկարավուն քարեր, որոնք ամենայն հավանականությամբ վիշապաքարեր են: Վիշապաքարերից վեցը ակնհայտորեն առնչվում են դամբարանների հետ: Դամբարաններին պիտի առնչվեն նաև Կարմիր Սար 6-ը և 8-ը, որոնց շրջակա համատեքստը ջրաբերուկային հողով է ծածկված: Առանց վիշապաքարերի մի քանի դամբարանները խմբավորվում են դամբարանադաշտի շուրջ: Այսպիսով, Կարմիր Սարի դամբարանդաշտը ներառում է առնվազն ութ վիշապաքարերով դամբանաբլուրներ, հավանական է նաև ավելի: Սա վիշապաքարերի մինչ այժմ հայտնի ամենամեծ կուտակումն է մեկ պատմաաշխարհագրական միջավայրում: Ավելին, առվազն երեք վիշապաքարերի համատեքստը թվում է լավ պահպանված: Նորահայտ այս խմբի մեջ հատկապես ուշագրավ է Կարմիր Սար 1-ը, քանի որ այն միակ վիշապաքարն է, որի վրա պահպանվել են ժայռապատկերներ: Այս վիշապաքարն ընկած է դամբարանի մեջ, սակայն նրա դիրքը ցույց է տալիս, որ քարը մասամբ տեղաշարժված է: Ամենալավ պահպանված ժայռապատկերը ներկայացնում է երկար պոզերով այծ: Այծը ներգծվել է ցլագլխի մոտակայքում, և նրա տարբեր ուղղությամբ կողմնորոշումը խոսում է այն մասին, որ վերջինս ավելացվել է վիշապաքարի ընկնելուց/գցելուց հետո: Այս ժայռապատկերը բացառիկ հնարավորություն է տալիս հայկական ժայռապատկերների խնդիրը գոնե մասամբ հասկանալու համար` տվյալ դեպքում բրոնզեդարյան համատեքստում: Վիշապաքարերը ցուցաբերում են որոշակի առնչություն ժայռապատկերների հետ, առանձին դեպքերում կիսելով ընդհանուր պատկերագրություն: Բացի այդ, ժայռապատկերների որոշ խմբեր ի հայտ են գալիս վիշապաքարերի անմիջական միջավայրում, մասնավորապես Արագածի լեռնազանգվածում (Ահմադի Օբա 1) և Գեղամա լեռներում (Թոխմախան Գյոլ 1-5, Արշալույս 1, Մաղալներ 1): Սակայն Կարմիր Սար 1-ն այն բացառիկ դեպքն է, երբ ժայռապատկերային արվեստը հանդես է գալիս «շերտագրված» հնագիտական համատեքստում` ուղղակիորեն ներգծված լինելով վիշապաքարի վրա:
Կարծում ենք, որ այս բարձրադիր ծիսական միջավայրերի հետազոտությունը էապես կավելացնի մեր գիտելիքները այն երևույթի մասին, որ սովորաբար կոչում են «լեռների ընտելացում», հանձինս որի պետք է հասկանալ բարձրադիր շրջանների բնական պաշարների շահագործման սկզբնավորումը և դրանից բխող լեռնային միջավայրի ձևափոխման/մշակութայնացման գործընթացը:

Վիշապաքարերի պահպանության խնդիրը
Վիշապաքարերին վերաբերող բազմաթիվ հարցերի մեջ, որ մեր ծրագիրը իր առջև է դնում, ամենակարևորներից է նրանց պահպանման և կոնսերվացման խնդիրը: Այս իմաստով ամենամեծ դժվարությունը կայանում է այդ հուշարձանների մեծ մասի անհասանելի տեղադրության մեջ, ինչը մի կողմից, թվում է թե ստեղծում է նախապայմաններ նրանց երկարակեցության համար` մարդկային ակտիվ գործունեությունից հեռու, սակայն, մյուս կողմից, ստեղծում է նաև դժվարություններ` նման հեռավոր միջավարերում պահպանության համար անհրաշեշտ ինֆրակառուցվածքի բացակայության պատճառով:
Երկու տեսակի վտանգներ են տեսանելի վիշապաքարերի համար` նրանց ավերումը նախնական միջավայրում և տեղափոխումը ստորին/դաշտավայրային շրջաններ: Վիշապաքարերի տեղափոխումը և վերաօգտագործումը սկսվել է դեռևս վաղ շրջանում (հմմտ. Գառնի 1 վիշապաքարի` ուրարտական արքա Արգիշտի I-ի կողմից որպես արձանագրության հիմք օգտագործումը, Ք.ա. 8-րդ դ.), ավելի աշխուժացել միջնադարում (հմմտ. Աղավնատուն 1, 2, Կարմրաշեն 1, Փոքր Գիլանլար 1 վիշապաքարերը, որոնք օգտագործվել են որպես խաչքար [3]) և հատկապես 20-րդ դ. երկրորդ կեսին: Մասնավորապես անցած 50 տարվա ընթացքում բարձրադիր արոտավայրերից Երևան և այլ ենթաշրջաններ են տեղափոխվել 18 վիշապաքար, այդ թվում Արագածից (Դաշտադեմ 1, Դավթաշեն 1, Վերին Սասնաշեն 1,Պրոսպեկտ 1-5, Ղուռթ Թափա 1, 2), Գեղամա (Աժդահա Յուրտ 2, 5, Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3, 5, Լճաշեն 1) և Վարդենիսի (Սելիմ 1) լեռներից (հմմտ. Նկ. 3):
Բացի այդ, հաճախ ոչ պաշտոնական անհատների կողմից վիշապաքարերի վերատեղադրման ընթացքում ոչ արհեստավարժ մոտեցում է դրսևորվել: Այսպես, բետոնե հիմքի մեջ գլխիվայր (գլուխը բետոնի մեջ) են դրված Դաշտադեմ 1, Դավթաշեն 1, Հայսերի Օբա 1, Պրոսպեկտ 2 և 3 վիշապաքարերը:
Այլ միջավայրերում, ինչպիսին է նորահայտ Կարմիր Սարը, որոշ վիշապաքարեր վերաօգտագործման նպատակով կոտրվել են տեղացի կիսաքոչվորների կողմից (Կարմիր Սար 3, 5, 7, 9), կամ կոտրվել այլ անձանց կողմից` նրանց տեղափոխել փորձելու ընթացքում (Կարմիր Սար 4) (Նկ. 2): Թոխմախան Գյոլ 1-ը, որը վերականգնեցվել է իր նախնական տեղից ոչ հեռու, կոտրվել է վերականգնեցման ընթացքում և ավելի ուշ սոսնձվել է:
Այն վիշապաքարերը, որոնք առկա են Հայաստանի հուշարձանների ցանկում և դրված են տարբեր վայրերում (հիմնականում թանգարաններ, այգիներ, որոնցից 6-ը Երևանում) չունեն ցուցանակներ (բացի Թոխմախան Գյոլ 2 և 5-ից, որոնք գտնվում են ք. Երևանի Նորքի II Զանգվածի այգում և անորոշաբար նշված են որպես «Սևանա լճի ավազանից»):
Այն մարդիկ, ովքեր վերջերս տեղափոխել են վիշապաքարերն իրենց նախնական վայրերից, ունեցել են սուբյեկտիվ (վերատեղադրել` իրենց անձնական «գեղագիտական» պահանջմունքներից ելնելով, ինչպես օրինակ Պրոսպեկտ 4 ու 5-ն է, կամ հավերժացնել պատերազմում զոհված ընկերոջ հիշատակը, ինչպես Դավթաշեն 1-ի դեպքն է) և օբյեկտիվ (պահպանել` նրանց տալով երկրորդ կյանք կամ ներկայացնել հասարակությանը, ինչպես Պրոսպեկտ 1-3, Աժդահա Յուրտ 2, 5, 6, Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3, 5, Լճաշեն 1, Սելիմ 1-ի դեպքում է): Սակայն երկու պարագայում էլ, անկախ նպատակից, հուշարձանները և նրանց նախնական համատեքստը խախտվել են:
2012թ. մենք հաջող կերպով փորձեցինք վերագտնել որոշ տեղափոխված վիշապաքարերի (Դավթաշեն 1, Պրոսպեկտ 1-5, Աժդահա Յուրտ 2, 5, Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3) նախնական վայրերը` օգտագործելով հին լուսանկարներ և համեմատելով դրանք ժամանակակից միջավայրերի հետ, կամ այցելելով վերջիններիս նախնական վայրերը` այն մարդկանց հետ, որոնք տեղափոխողների թվում են եղել (Նկ. 3):
Այստեղ պետք է խոսել նաև մեկ այլ վտանգի` մասնավորապես դամբարանների թալանման մասին: Վիշապաքարերին առնչվող դամբարաններում 2012թ. դաշտային աշխատանքների ընթացքում մենք փաստագրեցինք վերջերս կամ ավելի վաղ իրականացված ոչ գիտական պեղումների յոթ դեպք: Դրանցից հինգը իրականացվել էին տեխնիկայի միջոցով` լիովին խաթարելով հնագիտական համատեքստը, մինչդեռ երկուսը (Գեղամա լեռներում), բացվել էին փորող գործիքների միջոցով:
Հաշվի առնելով վիշապաքարերի բացառիկ արժեքը տարածաշրջանային և վերտարածաշրջանային համատեքստում` ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մշակութային ժառանգության պատասխանատու կազմակերպություններին խնդրում ենք ավելացնել իրենց հետաքրքրությունը վիշապաքարերի նկատմամբ և միջոցներ ձեռք առնել` վերջիններիս գոյությունը ապագա սերունդներին ապահովելու համար: Մասնավորապես առաջարկում ենք.
  • Հիմնել պահպանական գոտիներ վիշապաքարերի ամենակարևոր խմբերի շուրջ և կազմակերպել մշտադիտարկումներ համապատասխան բարձրադիր միջավայրերում;
  • Միջոցներ ձեռք առնել վիշապաքարերի գիտական պեղումների, վերականգնման (նրանցից շատերը կոտրված են) և կոնսերվացիայի համար;
  • Ավելի ճիշտ կերպով վերատեղադրել այն վիշապաքարերը, որոնք տեղահանվել են սկզբնական վայրերից, և/կամ նորից կանգնեցնել նրանց ըստ վերականգնության օրենքների;
  • Աշխատել բարձրացնել տեղական ազգաբնակչության (հայեր, եզդիներ)` բարձրադիր հուշարձանների պատմական նշանակության նկատմամբ ունեցած գիտակցությունը` վերջիններիս ավերումը և դամբարանների թալանը կանխելու նպատակով;
  • Օգնել հնագետներին երևույթը գիտականորեն հետազոտելու նպատակով, ինչը, բարձր լեռնային գոտիներում,  մարդկային շփումից անդին կամ շատ սահմանափակ շփման ներքո, կապված է մեծ դժվարությունների հետ;
  • Խորհրդակցել հնագետների հետ վիշապաքարերի վերատեղադրման հարցերով` ավելի արհեստավարժ արդյունքներ ունենալու համար;
  • Հնարավորություն տալ զբոսաշրջիկներին այցելել վիշապաքարերը (ստեղծել բաց և նշաններով օժտված ճանապարհներ, տեղադրել ցուցանակներ, ևն): Այն բարձրադիր վայրերում ուր գտնվում են վիշապաքարերը հնարավոր է էապես զարգացնել ինչպես միջավայրային, այնպես էլ մշակութային զբոսաշրջիկությունը:
  • Միջոցներ ձեռք առնել վիշապաքարը որպես համաշխարհային ժառանգության հուշարձան ճանաչելու համար` միջազգային հանրությանը ներկայացնելով այս բացառիկ երևույթի մշակութային և գիտական արժեքը:

Գրականություն
 [1] Ատրպետ, Ճորոխի ավազանը, Վիենա 1929; Марр Н.Я., Смирнов Я.И., Вишапы, Ленинград 1931; Քալանթար Ա., Արագածը պատմության մեջ, Երևան 1933; Пиотровский Б.Б., Вишапы: Каменные статуи в горах Армении, Ленинград 1939; Капанцян Г., О каменных стелах на горах Армении, Ереван 1952.
[2] Մանրամսան տեղեկությունների և կատալոգիզացման համակարգի մասին հմմտ. Gilibert A., Bobokhyan A., Hnila P. 2012, Dragon stones in context: The discovery of high-altitude burial grounds with sculpted stelae in the Armenian mountains, Mitteilungen der Deutschen Orient Gesellschaft 144, 93-132:
[3] Կարմրաշեն 1 վիշապաքարի վրա արված և 990թ. թվագրվող մի հայկական արձանագրություն պատմում է այն մասին, թե ինչպես է այդ քարը հայտնաբերվել «աստվածային տեսչութեամբ» և, մեծ դժվարությամբ ներքև բերվելով, դրվել եկեղեցու մոտ. Շահինյան Ա., Վայոց ձորի վիշապ-կոթողները, Պատմա-բանասիրական հանդես 1, 286-289, 1976:

Արսեն Բոբոխյան,
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 
Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
Ալեսանդրա Ջիլիբերտ
Բեռլինի Ազատ համալսարան,Հին արևելագիտության ինստիտուտ, Գերմանիա
 Պավոլ Հնիլա
Բեռլինի Ազատ համալսարան,Հին արևելագիտության ինստիտուտ, Գերմանիա
1. Վիշապաքարերի հիմնական տիպերը, Ա. Ջիլիբերտ.
2. Կարմիր Սարի միջավայրը (1) և Կարմիր Սար 4 (2) ու Կարմիր Սար 5 (3) վտանգված վիշապաքարերը.
3. Աժդահա Յուրտ 5. Լուսանկարը` Марр, Смирнов 1931, Таб. 8 (1); Լուսանկարը` մեր արշավախմբի 2012թ. (2); Սարդարապատի թանգարանի դիմաց կանգնած վիշապաքարը, 2012թ. (3).
4. Վիշապաքարերի տարածույթը և քանակը.
4. Վիշապաքարերի տարածույթը և քանակը.

արտատպված է՝

Վիշապաքարեր. Հայաստանի բարձրադիր հուշարձանները և նրանց պահպանության խնդիրը