Պեղի՛ր այս բլոգում

Wednesday, March 9, 2011

Քարահունջ - Stonehenge. Առասպելի վերջը

Նախ, սիրով արտատպում եմ Հրաչ Մարտիրոսյանի նամակը


Հարգելի բարեկամներ, գործընկերներ, գիտնականներ, ուսանողներ,
     Բոլորս գիտենք, որ գնալով ակտիվանում է «մարտնչող տգիտության» գործունեությունը: Պատմական ու բանասիրական գիտելիքներից զուրկ մարդիկ ագրեսիվ համառությամբ համացանցն ու հեռուստաեթերը լցնում են իրենց ազգակենտրոն զառանցանքներով ու խեղում են երիտասարդ ու ոչ մասնագետ մարդկանց մտածելակերպն ու աշխարհայացքը: Դրանք երբեմն թափանցում են նույնիսկ գիտակրթական աշխարհ: Ստեղծված անառողջ մթնոլորտն այնքան է վտանգավոր դարձել, որ որոշ ուսումնական հաստատություններում խելացի ուսանողները չեն համարձակվում առարկել նույնիսկ հայերենը շումերերենի հետ նույնացնող և նմանատիպ այլ տգետ ու ինքնավստահ զեկուցումներին. վախենում են բացահայտ ծաղրի ենթարկվելուց ու պիտակավորվելուց: Կամ՝ որ ավագ դպրոցում համընդհանուր զմայլանքի մթնոլորտում կազմակերպվում են միջոցառումներ, որտեղ «անառարկելիորեն ապացուցվում է», որ հայոց այբուբենը (sic!) լեզուների նախահիմքն է և այլն և այլն:
     Ես համոզված եմ, որ հայագիտությունը հիմա լուրջ պաշտպանության կարիք ունի: Իհարկե, չեմ կարող պնդել, թե «մարտնչող տգիտության» դեմ պայքարողներ չկան: Բայց կասկածից դուրս է, որ այդ պայքարը չափազանց հեռու է զորեղ հակակշիռ լինելուց: Հասկանալի է, որ բոլորս էլ շատ զբաղված ենք, ու ոչ ոք չի ցանկանում իր թանկ ժամանակը վատնել ցնդաբանություններ սփռողների վրա: Բայց մի կողմ քաշվել նշանակում է դրանց թույլ տալ մոլորեցնել ավելի ու ավելի շատ մարդկանց, այդ թվում՝ ուսանողների ու երիտասարդ գիտաշխատողների, որոնք վաղվա գիտական պոտենցիալն են ներկայացնում: Դրանով մենք անպաշտպան ենք թողնում հայագիտությունը: Եկեք միավորենք մեր ջանքերը: Փաստորեն՝ ստիպված ենք պայքարել երկու ճակատով. 1) թուրք, ազերի և այլ արտաքին կեղծարարների դեմ. 2) հայագիտության ներքին՝ հայաստանյան կեղծարարների դեմ: Երկրորդ ախոյանն ավելի վտանգավոր է, քանի որ ծպտված է «հայրենասիրական» կերպի մեջ:
     Վերջերս շատ է աշխուժացել Քարահունջ-Stonehenge «տեսությունը», որն անքակտելիորեն կապվել է հայերենը մայր հնդեվրոպական լեզու համարող զառանցական գաղափարին: Մեկ ամիս առաջ ես համացանցում տեղակայեցի այդ «տեսություններն» անհաշտ քննադատության ենթարկող իմ ծավալուն հոդվածը «Քարահունջ-Stonehenge. առասպելի վերջը» վերնագրով: Հիմա, մեկ ամիս անց, Ձեզ եմ ներկայացնում դրա նոր՝ որոշ բարեփոխումներով ու հավելումներով տարբերակը, որին կցել եմ մի ընդարձակ նախաբան:
    
Եթե կիսում եք այս մտահոգությունները, խնդրում եմ՝ արձագանքեք, գրեք Ձեր դիտարկումներն ու նկատառումները հոդվածումս արտացոլված հարցերի և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, հաղորդեք էական տեղեկություններ: Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ այն հանգամանքը, որ վերոհիշյալ անձինք պայքար են ձեռնարկել այդ «տեսությունների նվաճումները» հուշարձանների ցուցատախտակների տեքստերում արտացոլելու և այլ պահանջներով:
     Խնդրում եմ նաև տարածել նամակս ու հոդվածս:                                                                                                 
     Կանխավ՝ շնորհակալ եմ:
    
     Հարգալից ողջույններով՝ Հրաչ Մարտիրոսյան, 09.03.2011, Լեյդեն 

     Հ.Գ. Մարտի 10-ին Քարահունջի «տեսության» ամենամոլի ջատագովներից մեկի՝ Վաչագան Վահրադյանի սեմինարն է ԵՊՀ-ում: Ես մտավախություն ունեմ, որ նրա զեկուցումը կընդունվի համընդհանուր հիացմունքով, և ավելի շատ ուսանողներ կընկնեն մոլորության մեջ: Դիմում եմ ուսանողներին. եթե Դուք մտադիր եք ներկա գտնվել այդ սեմինարին, ապա խորհուրդ եմ տալիս նախապես կարդալ հոդվածս և իմանալ, որ այդ անձնավորությունը բանասիրական գիտելիքներից ու գիտական պատասխանատվությունից բացարձակապես զուրկ է:


Ես ավելացնելու բան ունեմ

1. Նախ այստեղից կարող եք քաշել և կարդալ   Քարահունջ - Stonehenge. Առասպելի վերջը հոդվածը: Սա հեղինակի կողմից լրամշակված տարբերակն է: Խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ:
2.  Զորաց քարերի մասին արդեն ունեմ 2 փօսթ, եթե պարապ եք կարդացեք :-)

Զորաց քարերի մասին

սութի ՞քարահունջագետներ՞