Սահմանումներ
Վիշապաքարերը ներկայիս Հայաստանի և հարակից շրջանների (Ջավախք/Թռեղք,
Նախիջևան, Էրզրում/Կարս) բարձրադիր արոտավայրերում հայտնաբերված և
կենդանական պատկերագրությամբ օժտված հուշարձաններ են: Ակնհայտ է, որ
վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն:
Նրանց անվանումը թերևս առնչվում է տեղական ավանդույթներին, որոնցում
վիշապները կարող էին կապվել լեռներում ապրող հսկաների հետ. անունը կարող էր
նաև առաջանալ պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:
Այն բրոնզեդարյան երևույթ է (ամենայն հավանականությամբ գոյության հիմնական
դարաշրջանը միջին բրոնզի դարն է` Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսը): Այս
հուշարձանների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի
Հանրապետության տարածքում:
Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են տեղական
նյութից (հիմնականում բազալտ) և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են
երեք տիպի` 1. ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում
հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով), 2. ձկնակերպ
(կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով` կրելով ձկան անատոմիական
մանրամասներ), 3. ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները)
(Նկ. 1):
Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` հորիզոնական
դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր
կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ
վիշապաքարերը նախապես եղել են կանգնած վիճակում:
«Վիշապաքար» ծրագիրը
Վիշապաքարերը հայտնաբերվեցին 19-20-րդ դդ. սահմանին և հետազոտվեցին
տարբեր հեղինակների կողմից (Ատրպետ, Ն. Մառ, Յ. Սմիռնով, Ա. Քալանթար, Բ.
Պիոտրովսկի, Գ. Ղափանցյան), որոնք ենթադրում էին, թե վերջիններս
ջրաբաշխական համակարգերի հանգուցակետերին գտնվող հուշարձաններ են
[1]:
Հիմնական շեշտը վաղ շրջանի հեղինակների կողմից դրվում էր վիշապաքարերի
խորհրդապաշտական բնույթի մեկնաբանության վրա` առանց էապես կարևորելու
հնագիտական համատեքստը:
Սույն հոդվածի հեղինակները, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության
ինստիտուտի, ինչպես նաև Բեռլինի Բաց համալսարանի հովանու ներքո, սկսեցին
գիտական համագործակցություն, որի հիմնական նպատակն է հետազոտել վիշապաքար
երևույթը ժամանակակից հնագիտության մեթոդներով: 2012թ. ամռանը տեղի ունեցավ
առաջին ճանաչողական հետախուզությունը, որի խնդիրն էր` 1. ստուգել նախկին
հետազոտողների տվյալները վիշապաքարերի տեղադրության վերաբերյալ, 2. ճշտել
տեղահանված վիշապաքարերի նախնական դիրքը, 3. փորձել նոր վիշապաքարային
միջավայրեր հայտնաբերելու հնարավորությունը
[2]:
Այս աշխատանքի արդյունքում մեր արշավախումբը տեղեկություններ հավաքեց 90
վիշապաքարերի մասին, որոնցից 53-ը հաջողվեց տեղայնացնել և փաստագրել: Ընդ
որում, դրանցից 16-ը նախկինում անհայտ էին: Հիշյալ վիշապաքարերից 34-ն
իրենց տեղում էին (
in situ), այլապես մեզ հաջողվեց ճշտել նրանցից որոշների սկզբնական տեղադրությունը: 13 վիշապաքար տեղադրվեց իր անմիջական միջավայրում (
in loco)`
այսինքն նախնական տեղադրությունից մի քանի մետր հեռու, կամ աշխարհագրական
այն կոնկրետ միջավայրում, որում նրանք նախապես կանգնած են եղել: Հավաքած
տվյալները հնարավորություն են տալիս ավելի մոտենալ վիշապաքարերի
գործառույթին, տարածման առանձնահատկություններին և թվագրությանն առնչվող
խնդիրների լուծմանը:
Հետախուզության ընթացքում պարզվեց, որ վիշապաքարերը գրեթե միշտ առնչվում
են միջին չափսի կրոմլեխ-դամբանաբլուրների և նրանց անմիջական միջավայրի
հետ, որը կարող է բաղկացած լինել` այլ դամբարաններից, ժայռապատկերներից,
«օղուզի/հսկայի տուն/քյալաֆա» (աշտարակաձև կառույց/դամբարան) հիշեցնոց
շինություններից, արհեստական քարակույտերից: Վիշապաքարերի մեծ մասը ընկած
են իրենց տեղում` դամբարանի կամ դամբարանանման քարաշար պատվանդանի
կենտրոնում: Ինչպես ցույց է տալիս իրենց նախնական տեղում գտնվող
վիշապաքարերի տեղայնացման առանձնահատկությունների ուսումնասիրությունը,
վերջիններս գտնվել են հիմնականում ոչ թե դամբարանի կամ պատվանդանի
կենտրոնում, այլ նրա անմիջական սահմանին` կրոմլեխի եզրագծին, որոշ
դեպքերում, չի բացառվում, նաև` մասամբ կրոմլեխից դուրս: Հողաթմբով
դամբարանի այն ձևը, որ տեսանելի է վիշապաքարերի միջավայրում, հայտնի է
բրոնզի և երկաթի դարերի Հայկական լեռնաշխարհում: Վերջիններիս տարածումը
ծովի մակերևույթից 2000-3000
մ բարձրության վրա տիպական պիտի լիներ թերևս այն ժամանակահատվածների համար,
երբ բարձր լեռնային շրջանները ձեռք են բերել որոշակի իմաստային և
կիրառական բովանդակություն: Վերոհիշյալ տվյալներից ելնելով` կարելի է
ենթադրել, որ վիշապաքարը գլխավորապես թաղման ծեսին առնչվող հուշարձան է:
Վիշապաքարերի մեծ մասը հանդես է գալիս խմբերով` հստակորեն սահմանված
գոգավոր մարգագետինների միջավայրում, ինչը էապես քչացնում է նրանց
տեսանելիության աստիճանը: Ի տարբերություն այս` խմբված և հստակ սահմանված
դամբարանադաշտերում տեղադրված վիշապաքարերի, արշավախումբը փաստագրեց փոքր
քանակության (թվով 12) վիշապաքարեր նաև մեկուսացված դամբարանների
համատեքստում: Այս «մենակյաց» դամբարանները կարող են տեղադրված լինել
համեմատաբար գոգավոր մարգագետիններում, ինչպես նաև ավելի տեսանելի
վայրերում:
Վիշապաքարով դամբարանները մարմնավորում են բարձր լեռնային մակարդակի վրա
գտնվող յուրահատուկ մշակութայնացված տարածքներ: Ենթադրելով, որ
վիշապաքարերն իրենց մեջ կրում են որոշակի իմաստային ծանրաբեռնվածություն և
պահպանում հնագույն մի հասարակության մշտական հիշողությունը, կարծում ենք,
որ հանձինս վիշապաքարով դամբարանների պետք է տեսնել նախկինում անհայտ
հուշարձանների յուրահատուկ մի տեսակ` բարձրաբերձ լեռներում առանձնացած
ծիսական արարողությունների սրբազան մի միջավայր:
Վիշապաքարային բարձրադիր ծիսական միջավայրի ամենակարևոր հուշարձանը Կարմիր Սարն է
(Նկ. 2/1):
Կարմիր Սարը կարմիր պեմզաքարի կոնաձև կուտակում է Արագածի լեռնազանգվածի
հարավային լանջին, որի գագաթը հանդիսանում է սինկրետիկ սրբավայր (Զիարեթ)`
տարածքը օգտագործող տարազգի/տարակրոն խմբերի համար: Ծիսական միջավայրը,
դամբարանադաշտով հանդերձ, գտնվում է բուն Կարմիր Սարից դեպի արևմուտք, ծովի
մակարդակից միջինում մոտ 2850 մ բարձրության վրա, ընդարձակ գոգահովտի
ներքո, որի վիշապաքարերով բնորոշվող մակերեսը մոտ 40 հա է: Նրանց համար
ովքեր բարձրանում են Արագածի բարձունքները, մինչև վերջին պահը մարգագետինը
մնում է թաքնված կեղծ գագաթի ետևում: Հասնելով այնտեղ` բացվում է
յուրահատուկ մի տեսարան Արագածի չորս գագաթների պատկերով հյուսիսարևելքում և
ամպերից վեր խոյացող Արարատի պատկերով հարավարևմուտքում: Ստեղծվում է
տպավորություն, թե այս մարգագետինը իր սեփական տիեզերքի կենտրոնն է: Կարմիր
Սարի մարգագետնով անցնում են երկու գրեթե մեանդրաձև ընթացող գետակներ,
որոնք մասնակիորեն ընդլայնված են մարգագետինը այցելող անասնապահների խմբերի
կողմից և տեղ-տեղ վերածված ավազանների: Մարգագետնի կենտրոնական հատվածում
մենք փաստագրեցինք ութ վիշապաքար իրենց տեղում կամ սկզբնական դիրքից ոչ
հեռու, ինչպես նաև մեկ վիշապաքարի վերնամաս` համատեքստից դուրս:
Նույնականացվեցին ևս երկու հողի մեջ թաղված երկարավուն քարեր, որոնք
ամենայն հավանականությամբ վիշապաքարեր են: Վիշապաքարերից վեցը ակնհայտորեն
առնչվում են դամբարանների հետ: Դամբարաններին պիտի առնչվեն նաև Կարմիր Սար
6-ը և 8-ը, որոնց շրջակա համատեքստը ջրաբերուկային հողով է ծածկված: Առանց
վիշապաքարերի մի քանի դամբարանները խմբավորվում են դամբարանադաշտի շուրջ:
Այսպիսով, Կարմիր Սարի դամբարանդաշտը ներառում է առնվազն ութ վիշապաքարերով
դամբանաբլուրներ, հավանական է նաև ավելի: Սա վիշապաքարերի մինչ այժմ
հայտնի ամենամեծ կուտակումն է մեկ պատմաաշխարհագրական միջավայրում: Ավելին,
առվազն երեք վիշապաքարերի համատեքստը թվում է լավ պահպանված: Նորահայտ այս
խմբի մեջ հատկապես ուշագրավ է Կարմիր Սար 1-ը, քանի որ այն միակ
վիշապաքարն է, որի վրա պահպանվել են ժայռապատկերներ: Այս վիշապաքարն ընկած է
դամբարանի մեջ, սակայն նրա դիրքը ցույց է տալիս, որ քարը մասամբ
տեղաշարժված է: Ամենալավ պահպանված ժայռապատկերը ներկայացնում է երկար
պոզերով այծ: Այծը ներգծվել է ցլագլխի մոտակայքում, և նրա տարբեր
ուղղությամբ կողմնորոշումը խոսում է այն մասին, որ վերջինս ավելացվել է
վիշապաքարի ընկնելուց/գցելուց հետո: Այս ժայռապատկերը բացառիկ
հնարավորություն է տալիս հայկական ժայռապատկերների խնդիրը գոնե մասամբ
հասկանալու համար` տվյալ դեպքում բրոնզեդարյան համատեքստում: Վիշապաքարերը
ցուցաբերում են որոշակի առնչություն ժայռապատկերների հետ, առանձին
դեպքերում կիսելով ընդհանուր պատկերագրություն: Բացի այդ, ժայռապատկերների
որոշ խմբեր ի հայտ են գալիս վիշապաքարերի անմիջական միջավայրում,
մասնավորապես Արագածի լեռնազանգվածում (Ահմադի Օբա 1) և Գեղամա լեռներում
(Թոխմախան Գյոլ 1-5, Արշալույս 1, Մաղալներ 1): Սակայն Կարմիր Սար 1-ն այն
բացառիկ դեպքն է, երբ ժայռապատկերային արվեստը հանդես է գալիս «շերտագրված»
հնագիտական համատեքստում` ուղղակիորեն ներգծված լինելով վիշապաքարի վրա:
Կարծում ենք, որ այս բարձրադիր ծիսական միջավայրերի հետազոտությունը
էապես կավելացնի մեր գիտելիքները այն երևույթի մասին, որ սովորաբար կոչում
են «լեռների ընտելացում», հանձինս որի պետք է հասկանալ բարձրադիր շրջանների
բնական պաշարների շահագործման սկզբնավորումը և դրանից բխող լեռնային
միջավայրի ձևափոխման/մշակութայնացման գործընթացը:
Վիշապաքարերի պահպանության խնդիրը
Վիշապաքարերին վերաբերող բազմաթիվ հարցերի մեջ, որ մեր ծրագիրը իր առջև է
դնում, ամենակարևորներից է նրանց պահպանման և կոնսերվացման խնդիրը: Այս
իմաստով ամենամեծ դժվարությունը կայանում է այդ հուշարձանների մեծ մասի
անհասանելի տեղադրության մեջ, ինչը մի կողմից, թվում է թե ստեղծում է
նախապայմաններ նրանց երկարակեցության համար` մարդկային ակտիվ
գործունեությունից հեռու, սակայն, մյուս կողմից, ստեղծում է նաև
դժվարություններ` նման հեռավոր միջավարերում պահպանության համար անհրաշեշտ
ինֆրակառուցվածքի բացակայության պատճառով:
Երկու տեսակի վտանգներ են տեսանելի վիշապաքարերի համար` նրանց ավերումը
նախնական միջավայրում և տեղափոխումը ստորին/դաշտավայրային շրջաններ:
Վիշապաքարերի տեղափոխումը և վերաօգտագործումը սկսվել է դեռևս վաղ շրջանում
(հմմտ. Գառնի 1 վիշապաքարի` ուրարտական արքա Արգիշտի I-ի կողմից որպես
արձանագրության հիմք օգտագործումը, Ք.ա. 8-րդ դ.), ավելի աշխուժացել
միջնադարում (հմմտ. Աղավնատուն 1, 2, Կարմրաշեն 1, Փոքր Գիլանլար 1
վիշապաքարերը, որոնք օգտագործվել են որպես խաչքար
[3]) և հատկապես
20-րդ դ. երկրորդ կեսին: Մասնավորապես անցած 50 տարվա ընթացքում բարձրադիր
արոտավայրերից Երևան և այլ ենթաշրջաններ են տեղափոխվել 18 վիշապաքար, այդ
թվում Արագածից (Դաշտադեմ 1, Դավթաշեն 1, Վերին Սասնաշեն 1,Պրոսպեկտ 1-5,
Ղուռթ Թափա 1, 2), Գեղամա (Աժդահա Յուրտ 2, 5, Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3,
5, Լճաշեն 1) և Վարդենիսի (Սելիմ 1) լեռներից
(հմմտ. Նկ. 3):
Բացի այդ, հաճախ ոչ պաշտոնական անհատների կողմից վիշապաքարերի
վերատեղադրման ընթացքում ոչ արհեստավարժ մոտեցում է դրսևորվել: Այսպես,
բետոնե հիմքի մեջ գլխիվայր (գլուխը բետոնի մեջ) են դրված Դաշտադեմ
1, Դավթաշեն 1, Հայսերի Օբա 1, Պրոսպեկտ 2 և 3 վիշապաքարերը:
Այլ միջավայրերում, ինչպիսին է նորահայտ Կարմիր Սարը, որոշ վիշապաքարեր
վերաօգտագործման նպատակով կոտրվել են տեղացի կիսաքոչվորների կողմից (Կարմիր
Սար 3, 5, 7, 9), կամ կոտրվել այլ անձանց կողմից` նրանց տեղափոխել
փորձելու ընթացքում (Կարմիր Սար
4)
(Նկ. 2): Թոխմախան Գյոլ 1-ը, որը վերականգնեցվել է իր նախնական տեղից ոչ հեռու, կոտրվել է վերականգնեցման ընթացքում և ավելի ուշ սոսնձվել է:
Այն վիշապաքարերը, որոնք առկա են Հայաստանի հուշարձանների ցանկում և
դրված են տարբեր վայրերում (հիմնականում թանգարաններ, այգիներ, որոնցից
6-ը Երևանում) չունեն ցուցանակներ (բացի Թոխմախան Գյոլ 2
և
5-ից, որոնք գտնվում են ք. Երևանի Նորքի
II Զանգվածի այգում և անորոշաբար նշված են որպես «Սևանա լճի ավազանից»):
Այն մարդիկ, ովքեր վերջերս տեղափոխել են վիշապաքարերն իրենց նախնական
վայրերից, ունեցել են սուբյեկտիվ (վերատեղադրել` իրենց անձնական
«գեղագիտական» պահանջմունքներից ելնելով, ինչպես օրինակ Պրոսպեկտ 4 ու 5-ն
է, կամ հավերժացնել պատերազմում զոհված ընկերոջ հիշատակը, ինչպես Դավթաշեն
1-ի դեպքն է) և օբյեկտիվ (պահպանել` նրանց տալով երկրորդ կյանք կամ
ներկայացնել հասարակությանը, ինչպես Պրոսպեկտ 1-3, Աժդահա Յուրտ 2, 5, 6,
Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3, 5, Լճաշեն 1, Սելիմ 1-ի դեպքում է): Սակայն
երկու պարագայում էլ, անկախ նպատակից, հուշարձանները և նրանց նախնական
համատեքստը խախտվել են:
2012թ. մենք հաջող կերպով փորձեցինք վերագտնել որոշ տեղափոխված
վիշապաքարերի (Դավթաշեն
1, Պրոսպեկտ 1-5, Աժդահա Յուրտ 2, 5, Գողթ 1, Թոխմախան Գյոլ 2, 3) նախնական
վայրերը` օգտագործելով հին լուսանկարներ և համեմատելով դրանք ժամանակակից
միջավայրերի հետ, կամ այցելելով վերջիններիս նախնական վայրերը` այն
մարդկանց հետ, որոնք տեղափոխողների թվում են եղել
(Նկ.
3):
Այստեղ պետք է խոսել նաև մեկ այլ վտանգի` մասնավորապես դամբարանների
թալանման մասին: Վիշապաքարերին առնչվող դամբարաններում 2012թ. դաշտային
աշխատանքների ընթացքում մենք փաստագրեցինք վերջերս կամ ավելի վաղ
իրականացված ոչ գիտական պեղումների յոթ դեպք: Դրանցից հինգը իրականացվել
էին տեխնիկայի միջոցով` լիովին խաթարելով հնագիտական համատեքստը, մինչդեռ
երկուսը (Գեղամա լեռներում), բացվել էին փորող գործիքների միջոցով:
Հաշվի առնելով վիշապաքարերի բացառիկ արժեքը տարածաշրջանային և
վերտարածաշրջանային համատեքստում` ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային
մշակութային ժառանգության պատասխանատու կազմակերպություններին խնդրում ենք
ավելացնել իրենց հետաքրքրությունը վիշապաքարերի նկատմամբ և միջոցներ ձեռք
առնել` վերջիններիս գոյությունը ապագա սերունդներին ապահովելու համար:
Մասնավորապես առաջարկում ենք.
- Հիմնել պահպանական գոտիներ վիշապաքարերի ամենակարևոր խմբերի
շուրջ և կազմակերպել մշտադիտարկումներ համապատասխան բարձրադիր
միջավայրերում;
- Միջոցներ ձեռք առնել վիշապաքարերի գիտական պեղումների, վերականգնման (նրանցից շատերը կոտրված են) և կոնսերվացիայի համար;
- Ավելի
ճիշտ կերպով վերատեղադրել այն վիշապաքարերը, որոնք տեղահանվել են
սկզբնական վայրերից, և/կամ նորից կանգնեցնել նրանց ըստ վերականգնության
օրենքների;
- Աշխատել բարձրացնել տեղական ազգաբնակչության (հայեր,
եզդիներ)` բարձրադիր հուշարձանների պատմական նշանակության նկատմամբ ունեցած
գիտակցությունը` վերջիններիս ավերումը և դամբարանների թալանը կանխելու
նպատակով;
- Օգնել հնագետներին երևույթը գիտականորեն հետազոտելու
նպատակով, ինչը, բարձր լեռնային գոտիներում, մարդկային շփումից անդին կամ
շատ սահմանափակ շփման ներքո, կապված է մեծ դժվարությունների հետ;
- Խորհրդակցել հնագետների հետ վիշապաքարերի վերատեղադրման հարցերով` ավելի արհեստավարժ արդյունքներ ունենալու համար;
- Հնարավորություն
տալ զբոսաշրջիկներին այցելել վիշապաքարերը (ստեղծել բաց և նշաններով
օժտված ճանապարհներ, տեղադրել ցուցանակներ, ևն): Այն բարձրադիր վայրերում
ուր գտնվում են վիշապաքարերը հնարավոր է էապես զարգացնել ինչպես
միջավայրային, այնպես էլ մշակութային զբոսաշրջիկությունը:
- Միջոցներ
ձեռք առնել վիշապաքարը որպես համաշխարհային ժառանգության հուշարձան
ճանաչելու համար` միջազգային հանրությանը ներկայացնելով այս բացառիկ
երևույթի մշակութային և գիտական արժեքը:
Գրականություն
[1]
Ատրպետ,
Ճորոխի ավազանը, Վիենա 1929;
Марр Н.Я., Смирнов Я.И.,
Вишапы,
Ленинград 1931;
Քալանթար Ա., Արագածը պատմության մեջ, Երևան 1933;
Пиотровский Б.Б.,
Вишапы: Каменные статуи в горах Армении, Ленинград 1939;
Капанцян Г.,
О каменных стелах на горах Армении, Ереван 1952.
[2] Մանրամսան տեղեկությունների և կատալոգիզացման համակարգի մասին հմմտ.
Gilibert A., Bobokhyan A., Hnila P. 2012, Dragon stones in context:
The discovery of high-altitude burial grounds with sculpted stelae in the Armenian mountains,
Mitteilungen der Deutschen Orient
Gesellschaft 144, 93-132:
[3] Կարմրաշեն 1 վիշապաքարի
վրա արված
և 990թ.
թվագրվող մի հայկական արձանագրություն պատմում է այն մասին, թե
ինչպես է այդ քարը հայտնաբերվել «աստվածային
տեսչութեամբ» և, մեծ դժվարությամբ ներքև բերվելով, դրվել եկեղեցու մոտ.
Շահինյան Ա., Վայոց ձորի վիշապ-կոթողները,
Պատմա-բանասիրական հանդես 1, 286-289, 1976:
Արսեն Բոբոխյան,
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ,
Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
Ալեսանդրա ՋիլիբերտԲեռլինի Ազատ համալսարան,Հին արևելագիտության ինստիտուտ, Գերմանիա
Պավոլ ՀնիլաԲեռլինի Ազատ համալսարան,Հին արևելագիտության ինստիտուտ, Գերմանիա